«Գրքերի ծավալը, եթե արտաքուստ նայենք, ավելացել է: Բայց դա ավելի շատ պայմանավորված է ոչ թե վաճառքի մեծացմամբ, այլ տեսականու շատ լինելով: Շատ ավելի անուն գրքեր են տպագրվում, ինչը կառավարությունը դիտարկում է որպես ծավալների ավելացում: Բայց իրական պատկերն այլ է»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրաքննադատ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ:
«Անտարեսի» տնօրեն ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ հավելեց, որ վաճառվող տպաքանակներն էապես նվազել են, և որպեսզի խթանեն այդ պրոցեսը նախաձեռնել են բաժանորդագրություն: Ընթերցասերները բաժանորդագրվելու դեպքում գրքերը ձեռք կբերեն 25 տոկոս զեղչով, կմասնակցեն «Անտարեսի» բոլոր միջոցառումներին, տեղեկատվություն կստանան լույս տեսնող գրքերի, նախաձեռնությունների մասին:
Հրատարակիչը ցավով փաստեց, որ փոքր գրախանութները (հատկապես մարզերում) կփակվեն, որովհետև նոր ՀԴՄ-ների գինը համեմատելի է նրանց տարեկան շահույթի հետ: «Պետգույքի վարչությունը ավելացրել է գրահրատարակչությունների տարածքի վարձի գումարը, սահմանվել են նոր չափորոշիչներ, որոնց արդյունքում վտանգվում է փոքր հրատարակչությունների գոյությունը: Ինչո՞վ եք բացատրում սույն փոփոխությունները»: Անդրադառնալով irates.am-ի այս հարցին` Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իշխանություններն այսօր տաքացնում կամ հրդեհում են այս կաթսան: «ՀԴՄ-ով ծեծում են, տարածքների վարձը բարձրացնելով` ծեծում: Ես կարծում եմ այդ մարդկանց հայրերը, մի քիչ կոպիտ ասեմ, գիրք չեն սիրել և կարողացել են դա փոխանցել իրենց զավակներին: Այսինքն, այդ գործիչները գիրք չսիրողի ծնունդ են»,- ասաց նա:
«Գրանիշ» գրական ակումբի հիմնադիր, բանաստեղծ ԿԱՐԵՆ ԱՆՏԱՇՅԱՆԸ խոսելով էլեկտրոնային գրքի շուկան զարգացնելու մասին, նշեց, որ մեծ խոչընդոտներ կան այս ոլորտում: «Համաշխարհային շուկայում տարեց-տարի մեծանում է էլեկտրոնային գրքերի շուկայի ծավալը, որովհետև դրանք ավելի մատչելի են ու հասանելի տպագիր գրքի համեմատ,- ասաց նա:-Հիմնական խոչընդոտները ընթերցիչների թանկությունն է Հայաստանում, տեխնիկական անհամապատասխանությունը հայերենի հետ: Հայաստանում դեռևս անհասանելի են Google Play, Pay Pal հարթակները, և հայ գործարարները չեն կարողանում էլեկտրոնային գրքերի վաճառքով զբաղվել: Կարծում եմ սա պետության, կառավարության բացթողումն է, պետք է ոչ միայն գրահրատարակչական շուկայում, էլեկտրոնային հարթակում նույնպես օր առաջ հաստատվել և Հայաստանը ճանաչելի դարձնել»:
«Գրանիշ» գրական ակումբի գլխավոր խմբագիր գրականագետ ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ լրագրողներին տեղեկացրեց, որ «Գրանիշի» հերթական` «Գրանիշ-քաղաքացի» խորագրով համարը լույս կտեսնի 2014-ի առաջին ամսին:
«Տարվա վերջին մեկնարկեցինք նոր նախագիծ, որ նախապատրաստել էինք ամիսներ շարունակ: Նոր նախագիծը, որ իրականացնելու ենք «Գրանիշ» գրական հիմնադրամի հետ, միտված է հատկապես ժամանակակից հայ գրականությունը թարգմանական հարթակներում ներկայացնելուն»,- ասաց գրականագետը: Նրա կարծիքով` սա ամենասպասված և հեռանկարային ծրագրերից մեկն է:
Հավելենք, որ ասուլիսի ավարտին մի շարք լրատվամիջոցներ ու լրագրողներ պարգևատրվեցին «Գրքի ընկեր» շնորհակալագրերով՝ գրականությանը նվիրված հրապարակումների, հաղորդումների և այլ միջոցառումների համար:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ